Գնորդներին գրավելու նպատակով սուպերմարկետները դիմում են երկու տեսակի մանիպուլյացիայի՝  իրական խաբեության եւ պարզ հոգեբանական «տրյուկների»: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հոգեբան Սամվել Խուդոյանը:

«Սպառողը մտնում է տրանսի մեջ եւ շատ գնումներ է կատարում, բայց մի քանի կետեր պետք է հաշվի առնի, որպեսզի խուսափի խանութների եւ սուպերմարկետների տրյուկներից, որոնք բխում են նրանց իսկ շահերից, եւ շատ հաճախ խախտումներ չեն համարվում»,- ասաց նա:

Սամվել Խուդոյանի խոսքով՝ սուպերմարկետներում իրական խաբեության են դիմում արդեն կշռված ապրանքների քաշի եւ ժամկետի ավարտին մոտեցող ապրանքների վաճառքի հարցում:

«Սուպերմարկետներում արդեն կշռված ապրանքներ են դրված լինում, վերցնում, վերակշռում ես, տեսնում՝ 5 կամ 10 գրամ պակաս է: Դա ակնհայտ խաբեություններից է, որին որոշ սուպերմակետներում հաճախ հանդիպում է: Իսկ ժամկետի վերջին մոտեցող ապրանքները դնում են առջեւի շարքում, նորերը՝ հետեւում»,-ասաց հոգեբանը:

Նրա խոսքով՝ սուպերմարկետները խորամանկությունների են դիմում ապրանքների դասավորության հարցում, կրկին նպատակ ունենալով գնորդներին առաջարկել ապարնքներ, որոնց հետեւից չէր նա եկել սուպերմարկետ:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը սուպերմակետների մեքենայություններից խուսափելու համար գնորդներին խորհուրդ տվեց, եթե նրանք քաշի կամ գների հետ կապված կասկածեր ունեն, թող մոտենան այլ դրամարկղի, խնդրեն վերահաշվարկել, իսկ խախտումներ նկատելու դեպքում ահազանգել իրենց կազմակերպություն: