Աշտարակում 3-ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող՝ երեխայի հոր երկրորդ կնոջ՝ Արմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, գործը ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Արմինե Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում 2008թ. մարտ ամսին, դեռեւս չպարզված օրը, իր ամուսին Հ. Հարությունյանի եւ Ա. Կարապետյանի մանկահասակ դստերը` 08.12.2007թ.-ին ծնված Մ. Հարությունյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով քարով հարվածել է Մ. Հարությունյանի գլխին և սպանել նրան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը Աշտարակի «Վանա լիճ» կոչվող թաղամասում՝ գետնափոր կիսակառույց շինության տնամերձ հողատարածքում, 3-ամսական երեխայի դի է հայտնաբերել: Պարզվել է, որ երեխային թաղել են ընտանիքի անդամները 7 տարի առաջ:
Երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նա մահացել է գլխին հասցված բութ վնասվածքներից:
Երեխայի հայրը պնդում է, որ երեխային իր կինը չի սպանել, այլ հուղարկավորելու ժամանակ նա մոր ձեռքից պատահաբար ընկել է եւ գլխի շրջանում վնասվածք ստացել:
Հակոբյանների ընտանիքում ապրում են մահացած երեխայի մայրը՝ Անժելան, նրա երկու երեխաները, Հակոբի Հարությունյանի երկորդ կինը՝ Արմինեն ու նրա երկու երեխաները: Ընտանիքի հարեւանուհին NEWS.am-ին պատմել էր, որ ընտանիքի հայրը՝ Հակոբը, սկզբում ամուսնացած է եղել Անժելայի հետ, տարիներ հետո տուն է բերել Արմինեին: Նա առաջին կնոջից ունի 2, երկրորդից՝ 3 զավակ, որոնցից մեկը գիշերօթիկում է սովորում: Անժելան հարեւանուհուն ասել է, որ ինքը շարունակել է ապրել Հակոբի հետ որպես գործընկերուհի, երբ Հակոբն ամուսնացել է Արմինեի հետ: Ընտանիքն ապրում էր գետնափոր կիսակառույց տանը՝ սոցիալապես վատ պայմաններում, ընտանիքի բոլոր անդամները քնում էին միասին՝ գետնափոր տանը տեղավորվող միակ երկտեղանոց մահճակալին:





























