ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվող մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին եւ համալիրում նախատեսվող պայմաններին ու հնարավորություններին: Ներդրումային ծրագրի ղեկավար Արմենուհի Գեւորգյանը նշել է, որ համալիրը հագեցած է լինելու մարզական եւ առողջարանային տեխնիկակական նորագույն միջոցներով: Կառուցվում է նաեւ միջազգային չափանիշներին համապատասխան 50 մետր երկարությամբ եւ 25 մետր լայնությամբ ժամանակակից լողավազան:

Ծրագրի իրականացման համար ներդրվել է 17 մլն դոլարին համարժեք դրամ, արդյունքում ստեղծվելու է 150 նոր աշխատատեղ: Նախատեսվում է մարզաառողջարանային համալիրը շահագործման հանձնել ընթացիկ տարվա ընթացքում:

Նշենք, որ Արմենուհի Գեւորգյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) դուստրն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Հրապարակ» թերթի, Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Oլիմպիական ավանի հարեւանությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դուստրը՝ Արմենուհին, մեկ տարուց ավելի է՝ կառուցում է սպորտային մեծ համալիր: «Ասում են, թե տարածաշրջանում նմանը չունեցող կոմպլեքս է լինելու՝ մրցակից մայրաքաղաքի մյուս հայտնի համալիրներին:

Գեւորգյանները քննարկել, ուսումնասիրել են Եվրոպայի նմանատիպ կենտրոններն ու յուրաքանչյուրի միջից ընտրել լավագույնը, արտերկրից էլ պարբերաբար բազմաթիվ մասնագետներ են բերել՝ տեղում խորհուրդներ տալու համար»,-գրել է թերթը: