Մի խումբ կենդանասերներ այսօր` փետրվարի 27-ին, «Պահանջում ենք ընտանի կենդանիների պաշտպանության օրենք» անվանումով ֆլեշմոբ են սկսել: Նրանք առաջարկում են մարդկանց իրենց էլ-փոստերից ՀՀ վարչապետին ուղղված նամակ ուղարկել [email protected] հասցեին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց շների պաշտապնությամբ զբաղվող «Դինգո» թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:

«Նամակում պետք է նշված լինի` Հարգելի Հ. Աբրահամյան, որպես հայ պահանջում եմ ՀՀ կառավարությունից ընտանի կենդանիների պաշտպանության օրենք, համաձայն որի՝ օրենքի սահմաններում կկարգավորվեն ընտանի կենդանիների հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ օրենքով կարգելվի սպանդը»,- նշեց Օվսաննա Հովսեփյանը:

Նրա խոսքով, ի սկզբանե ծրագրված ստորագրահավաքը փոխարինվել է  ֆլեշմոբով` նպատակ ունենալով ցույց տալ` որ խնդիրը հուզում է ոչ թե մի քանի տասնյակ կենդանասերների, այլ բազմաթիվ մարդկանց: Մի քանի ժամվա ընթացքում արդեն իսկ 50 նամակ է ուղարկվել: Նախաձեռնողները հուսով են, որ մինչ դրա ավարտը ուղարկված նամակների թիվը կհասնի մի քանի հազարի:

«Ֆլեշմոբը կշարունակվի այնքան ժամանակ, այսինքն` մենք կհանգստանանք միայն այն դեպքում, երբ բոլորը տեղից կշարժվեն եւ ի վերջո կենդանիների պաշտպանության օրենքը կընդունվի»,- ասաց Օվսաննա Հովսեփյանը:

Նախաձեռնողների խոսքով, ֆլեշմոբի գաղափարը ծնվել է երեկ` փետրվարի 26-ին, այն բանից հետո, երբ ակցիա իրականացնող մի քանի տասնյակ կենդանասերների պահանջը` դադարեցնել Երեւանում կենդանիների սպանդը, ուշադրության չի արժանացել ո'չ Երեւանի քաղաքապետարանի, ո'չ Կառավարության կողմից:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ երեկ` փետրվարի 26-ին, մի քանի տասնյակ կենդանասերներ բողոքի ակցիայով քաղաքապետարանից պահանջեցին դադարեցնել թափառող շների սպանդը, որը վտանգում է ոչ միայն շների, այլեւ քաղաքացիների կյանքը: Քաղաքապետարանից այդպես էլ ցուցարարներին ոչ մի ներկայացուցիչ չմոտեցավ, ինչից հետո նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ Կառավարության շենք՝ վանկարկելով «Դադարեցրեք շների սպանդը», «Երեւանը սպանդանոց չէ»: Կենդանասերները վերսկսել են իրենց ցույցերը այն բանից հետո, երբ Երեւանում եւ մարզերում գրանցվել են թափառող շների սպանդի մի քանի դեպքեր: