Գեղարքունիքի Սարուխան գյուղում փետրվարի 26-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 26-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի Հենրիկ Աբրահամյան փողոցում, 24-ամյա Ն.Գափոյանի վարած «ԲՄՎ 735» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:

Վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւոր, 23-ամյա Հ.Գափոյանը տեղում մահացել են, իսկ 36-ամյա Ա.Ներսիսյանը եւ 26-ամյա Գ.Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառի ԲԿ» ՓԲԸ:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական գործողություններ` վթարի պատճառները պարզելու համար: