Դատական նիստի ժամանակ ոստիկանության եւ դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու մեջ մեղադրվող` քաղաքացիական ակտիվիստ, իրավապաշտպան Վարդգես Գասպարիին այսօր` փետրվարի 29-ին նախագահող դատավորը հեռացրեց դահլիճից: Ի նշան բողոքի նիստերի դահլիճում պառկած Գասպարիին հեռացրին կարգադրիչները:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշում կայացրեց 6 ժամով զրկել Գասպարիին` նիստերին մասնակցելու հնարավորությունից:

Նշենք, որ մինչ այդ դատարանը երեսուն վայրկյան էր տրամադրել ամբաստանյալին` միջնորդությունը ներկայացնելու համար, ինչից հետո Գասպարին ի նշան բողոքի պառկել էր նիստերի դահլիճում:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին փետրվարի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Նա մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: