Տարատեսակ խաբեբայություններ, թերեւս, միշտ են գոյություն ունեցել: Պարզապես տարիների ընթացքում փոխվել են մեթոդները՝ անփոփոխ բովանդակությամբ. խաբել հիմարներին:
Վերջին շրջանի նոու-հաուն ճանապարհներին խաբեբայություններն են: Իհարկե, փորձառու վարորդներն ասում են՝ խաբեբայության այս ձեւը նոր չէ, գոյություն ունի արդեն առնվազն մեկ տարի:
Եվ այսպես, ձեզ համար հանգիստ գնում եք, եւ ճանապարհին հանկարծ վթարային ազդանշանները միացրած հին ավտոմեքենա եք տեսնում, կողքին՝ երեխաներով շրջապատված տղամարդ: Եթե սեփական կամքով կանգ չեք առնում, տղամարդը ճիչերով նետվում է ճանապարհի մեջտեղը, եւ արդեն ստիպված եք կանգնել: Դրանից հետո ներկայացնում է խնդրի էությունը. եկել է Գյումրիից, իսկ հետ վերադառնալու փող չունի:
Ներկայացման մեջ մեքենան ու երեխաները փոխվում են, իսկ «անիմատորը», ինչպես նաեւ հորինվածքը՝ ոչ: Հստակ հասկանալով, որ ձեզ խաբում են, դուք նայում եք սառած ու վախեցած երեխաների դեմքերին եւ մի քանի հազար տալիս «վերադարձի համար»՝ հույս ունենալով, որ դրանից հետո «հայրիկը» երեխաներին տուն կտանի:
Արդյունքում, խղճալով երեխաներին, դուք արջի ծառայություն եք մատուցում: Հաջողությունից ոգեւորված՝ խարդախության կազմակերպիչները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն իրենց «գործը»:





























