ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016թ. փետրվարի 29-ին՝ ժամը 01.15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «երկու ձեռքի, երկու ոտքի, կրծքավանդակի աջ թուլակողի» բազմաթիվ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1991թ. ծնված, Երեւան քաղաքի բնակիչ Ա.Գեւորգյանը:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ երիտասարդին պատճառվել են հրազենային վնասվածքները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7 պարկուճ, արնանման հետքեր։
Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։





























