Պաշտոնական տվյալներով, հունվարին հայրենական արտադրության արտադրանքի ծավալները տարեկան կտրվածքով աճել է 15.7%-ով: Դատելով նույն տեղեկատվությունից, այս ֆենոմենն ապահովել է մետաղների արդյունահանումը, միաժամանակ՝ նաեւ էլետրաէներգիայի արտադրությունը: Այսպես, մետաղների արդյունահանման ոլորտի ազդեցությունն ընդհանուր ցուցանիշի աճի վրա ազդել է 13.5%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 5.7%-ով:

Այսպիսով, ենթադրություններն այն մասին, որ հունվարին մետաղների արդյունահանումը «փրկեց» երկրի արդյունաբերությունը, վիճակագրությունը հաստատեց: Սակայն դժվար թե այս տեղեկությունը գոհացնի քաղաքացիներին, քանի որ հարկավոր է հաշվի առնել ոչ պակաս կարեւոր երկու գործոն:

Նախ՝ հանքարդյունաբերության ոլորտում գործում է ընդամենը 9 ընկերություն՝ 8 հազար հոգին փոքր-ինչ գերազանցող աշխատակազմով: Սա չնչին մասն է կազմում հայրենական արտադրության մեջ զբաղվածության ընդհանուր թվում: Երկրորդ՝ անհանգստացնում է այն, որ հունվարին 6.3%-ով կրճատվել է կարեւորագույն ոլորտում՝ վերամշակող արտադրությունում արտադրանքի ֆիզիկական ծավալը:

Այն, որ դա պատահականություն չէ, հաստատում են անցյալ տարվա պաշտոնական տվյալները: Նախորդ տարի Հայաստանի արդյունաբերության ֆիզիկական ծավալները «պաշտոնապես» աճել են 5.2%-ով, կրկին 1.5 անգամ՝ մետաղների արդյունահանման աճի հաշվին (!): Վերամշակող արդյունաբերությունում կրկին զգալի անկում է գրանցվել՝ 5.6%-ով:

Այդ «մինուսն» անցյալ տարի «ապահովվել է» պարենամթերքի (9.0%-ով) եւ խմիչքի (19.7%-ով) արտադրության ծավալների կրճատմամբ: Նկատենք, որ սննդամթերքի արտահանումը, ի տարբերություն խմիչքի (մասնարապես՝ կոնյակի), համեմատաբար մեծ չէ: Այստեղից կարելի է եզրակացնել, որ նշված անկման պատճառը տեղական շուկայում սպառման կրճատումն է: Այսինքն՝ քաղաքացիները սկսել են ավելի քիչ հայրենական արտադրության սննդամթերք գնել: Բայց, զարմանալիորեն, կրճատվել են նաեւ պարենամթերքի ներկրման ծավալները:

Եվս մեկ հանգամանք. դրամական փոխանցումների հոսքի զգալի անկումն աղետալի ազդեցություն է ունեցել գնորդների դրամական եկամուտների վրա: Սա արդեն անդրադարձել է մանրածախ ապրանքաշրջանառության ծավալների կրճատման վրա: Ստացվում է, որ մեր հանրության մի մասը հարկադրված ավելի քիչ ապրանք է գնում (այդ թվում՝ պարենամթերք), քան նախկինում:

Սմբատ Գրիգորյան