ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված, ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասքերովը ցանկություն չի հայտնել՝ ներման խնդրագրով դիմել նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը:
«Եթե ցանկություն հայտներ, ես նամակը կգրեի, սակայն ինքը նման ցանկություն չի հայտնել»,- ասաց Էրիկ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերին դիվերսանտներ Դիլհամ Ասքերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիլհամ Ասքերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասքերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։





























