Հայաստանի քաղավիացիայի վարչությունը դեռեւս ոչ մի դիմում չի ստացել ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունից՝ դեպի Երեւան չվերթներ իրականացնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը:
Ըստ ռուսական կողմի՝ «Պոբեդա»-ն Հայաստան չվերթներ իրականացնելու համար արդեն թույլտվություն է ստացել: Մասնավորապես, ընկերությունը մտադիր է շաբաթական 4 չվերթ իրականացնել Սոչի- Երեւան երթուղիով:
«Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտոնական դիմում չի ստացել ռուսական ավիաընկերությունից: Ընթացակարգի համաձայն՝ նրանք պետք է դիմեն Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, որն էլ դիմումը կուղարկի մեզ»,- ասաց Ռուբեն Գրդզելյանը:
Հիշեցնենք, որ «Պոբեդան» հիմնադրվել է 2014թ. սեպտեմբերին:




























