ՄԱԿ արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) 2016թ. Հայաստանի տեքստիլ ձեռնարկություններին կօգնի գրանցել 5900 B. C. (մ.թ.ա. 5900 խմբ.) արտահանման ենթակա ապրանքանիշը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում UNIDO-ի գործարքների ղեկավար Անահիտ Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ 2014թ. աշնանը մեկնարկած ծրագրի շրջանակներում իտալացի մոդելավորողների ղեկավարությամբ արդեն կազմվել է հագուստի հավաքածուն եւ մշակվել ապրանքանիշը, որի անվան տակ հայկական նորաձեւությունը կներկայացվի արտասահմանյան ցուցահանդեսներում։ Հագուստից բացի, դիզայնի զարգացման ծրագիրը կվերաբերի նաեւ կոշիկներին եւ աքսեսուարներին։ Դոնոր ընկերություններին արդեն առաջարկներ են ներկայացվել։ «2016թ. կշարունակվի նաեւ հագուստի գծով աշխատանքը։ Հայկական տեքստիլ ձեռնարկություններին կօգնեն արտահանման կոնսորցիումում գրանցվել միասնական ապրանքանիշով։ Ընկերություններն արդեն տեսնում են ընդհանուր շահերը»,- նշել է Սիմոնյանը։
Բացի այդ, կշարունակվեն նաեւ կազմված հավաքածուի հարստացման աշխատանքները։ Մասնավոր սեկտորին ռուսական շուկայում մարքեթինգի նոր գիտելիքներ կփոխանցեն։ Հիմա մարքեթինգի մասնագետները աշխատում են բիզնեսի հետ՝ օգնելով կազմել նպատակահարմարության եւ արտահանման ռազմավարությունը։ «Շարունակում ենք հավաքածուն առաջ տանել Ռուսաստանում, բանակցություններ են ընթանում պատվերներ ստանալու համար։ Երբ արդյունքը լինի պայմանագրերի տեսքով, հաջորդ խոսքը կլինի բիզնեսինը»,- հավելել է UNIDO-ի ներկայացուցիչը։
Նշենք, որ տեքստիլ եւ հագուստի արդյունաբերության մրցունակության բարձրացման UNIDO-ի նախագիծը Հայաստանում ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը։





























