Հայաստանում նախկինում երբեք չի եղել իշխանություն, որը կհայտարարեր, որ ընտրությունների որակն ավելի կարեւոր է, քան արդյունքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունն առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքների դեմ պայքարի կամք կցուցաբերի:
«Եթե կասեք Հայաստանում մի իշխանություն` ներառյալ Արամ Մանուկյանի նախկին իշխանությունը (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանը), որը համարել է, որ ընտրությունների որակն ավելի կարեւոր է, քան արդյունքը, ես էդ դեպքում ներողություն կասեմ»,-ասաց նա:
«Իշխանությունը բազմիցս հայտարարել է դրա մասին, եւ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ծրագրային ելույթում բացարձակ միտք հնչեցվեց, որ ընտրությունների որակը ընտրությունների արդյունքից ավելի կարեւոր է: Եթե կասեք` Հայաստանում մի իշխանություն` ներառյալ Արամ Մանուկյան նախկին իշխանությունը, որը համարել է, որ ընտրությունների որակն ավելի կարեւոր է, քան արդյունքը, ես էդ դեպքում ներողություն կասեմ»,-ասաց հանրապետական պատգամավորը:
Նշենք, որ օրերս ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եղել է Վրաստանում, ուսումնասիրել ընտրացուցակները մաքրելու վրաստանյան փորձը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ դա Հայաստանում կիրառելի է եւ արդյունավետ, հետեւաբար Հայաստանում պետք է ներդնել ընտրացուցակները մաքրելու վրաստանյան մոդելը: Սակայն իշխանության ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանը հայտարարում է, որ ծանոթ չէ այդ մոդելին, եւ իրենք պակաս հետաքրքրված չեն ժողովրդավարական ընտրություններով, քան Արամ Մանուկյանն ու իր նախկին իշխանությունը։





























