Այս տարի 8-րդ անգամ կանցկացվի «Միսս Հայք» հաշմանդամություն ունեցող անձանց գեղեցկության մրցույթը: «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով` մրցույթը նախեւառաջ կարծրատիպեր կոտրելու նպատակ ունի:

«Ուզում ենք ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող կինը առաջին հերթին կին է, մայր է, գեղեցկուհի: Մենք շատ հաշմանդամություն ունեցող կանայք ունենք, որ վերջերս մայրացել են: Այս մրցույթը նաեւ նրանց ներկայացնելու եւ կարծրատիպերը, թե հաշմանդամները կարիքավոր ու խեղճ են,կոտրելու նպատակ ունի»,- նշեց Արմեն Ալավերդյանը:

Այժմ ընթացքի մեջ է մրցույթի հայտերի ընդունման փուլը. մինչեւ մարտի 28-ը 16 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկները կարող են իրենց լուսանկարներն ուղարկել [email protected] էլ. հասցեին: Ընտրված 10 մասնակիցներից պրոֆեսիոնալ ժյուրին ապրիլի 6-ին կընտրի հաղթողին, որը կարժանանա թագի եւ այլ մրցանակների:

Արմեն Ալավերդյանի խոսքով, մրցույթին մասնակցում են ոչ միայն մայրաքաղաքի գեղեցկուհիները, այլեւ մարզերի եւ Ջավախքի բնակիչները:

«Իմիջիայլոց, մեր հաղթողներից Քրիստինե Փիրուզյանն աշխատում է ԱԻՆ-ում եւ դարձել է ԱԻՆ-ի դեմքը»,- ասաց նա:

Վերջինի խոսքով, տարեցտարի հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ աճում է, ավելի ու ավելի մեծ թվով հաշմանդամություն ունեցող անձինք են մասնակցում եւ պայքարում գեղեցկուհու տիտղոսի համար: