Տաղավարների բարձր վարձավճարների դեմ փետրվարի 26-ին գործադուլ հայտարարած Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների մեծ մասը «Հրազդան» եւ «Առինջ մոլում» ամսական 50-60 հազար դրամով տաղավարներ են վարձակալել եւ շուտով կտեղափոխվեն:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից Արթուրը: Նրա խոսքով, տոնավաճառի աշխատակիցներն արդեն մի քանի օր է նորմալ չեն աշխատում, բոլորը այլ տոնավաճառներում կանգնելու տեղեր են փնտրում` տեղափոխվելու համար:

«Մենք շուտով բոլորս էլ կգնանք ստեղից, էս գներով ոչ մեկն էլ չի մնա ստեղ: Ուղղակի ուզում ենք էնպիսի տեղ գտնել, որ բոլորս միասին լինենք, արդեն իրար սովորել ենք, ոնց որ մի ընտանիք լինենք: Մոտ 300 աշխատակից արդեն այլ տեղերում գտել է կանգնելու տեղեր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի «Մալաթիա» տոնավաճառի մի քանի հարյուր աշխատակիցներ փետրվարի 26-ին  գործադուլ են հայտարարել ու բողոքի ակցիա  անցկացրել տոնավաճառի մոտ` փակելով երթեւեկելի փողոցը: Աշխատակիցները գործադուլը դադարեցրել են փետրվարի 27-ին: