Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում գտնվող 28-ամյա Նարինե Շարոյանի մահվան գործով հնարավոր է՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալ բժշկուհու փաստաբան Կրոմվել Գիգորյանը:

«Միջնորդել եմ, որ փորձաքննություն իրականացրած փորձագետները գան ցուցմունք   տան ու դատարանը բավարարել է իմ միջնորդությունը: Դատաքննության ժամանակ մարդկանց հարցաքննելու ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնց հետ կապված՝ ուզում ենք, որ փորձագետները հարցաքննվեն ու հնարավոր է՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն էլ նշանակվի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այդ փաստերն ապացուցում են իր պաշտպանյալի անմեղությունը:

Մահացած կնոջ ամուսինը՝ Գագիկ Մինասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեմ է լինելու, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակվելու դեպքում այն անցկացնեն մեղադրվող կողմի մատնանշած փորձագետները, քանի որ մտավախություն ունի, որ այն օբյեկտիվ չի լինի:

Նշենք, որ պաշտպանական կողմը պատահածում մեղադրում է հղիին վիրահատած գինկելոգ Արմեն Վարդանյանին, որը գործում ներգրավված է որպես վկա եւ վկայություն տալուց հետո հեռացել է Հայաստանից: Մեղադրվող բժշկուհին NEWS.am-ի հետ զրույցում պնդել էր, որ Արմեն Վարդանյանը  վիրահատության ժամանակ չի կարողացել կանգնեցնել արնահոսությունը։ Բժշկուհու համոզմամբ՝ մեղավորությունը փորձում են իր վրա բարդել, որովհետեւ իր մասնագիտական կարիերան թոշակի անցնելու պատճառով ավարտվել է, մինչդեռ մյուս բժիշկները երիտասարդ են, եւ եթե պարզվի, որ մեղավոր են, չեն կարողանա շարունակել աշխատել:

Հիշեցնենք, որ փորձաքննությամբ պարզվել էր, որ «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։ Ըստ փորձագետների՝ հաշվի առնելով Նարինե Շարոյանի հղի լինելը եւ նրա մոտ մինչեւ այդ ախտորոշված «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշումը, անհրաժեշտ էր ի սկզբանե նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները եւ փրկել նրա կյանքը։ Մեղադրյալ բժշկուհու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մեղադրվող բժշկուհին ասում է, թե ինքը հղիին ինֆեկցիոն բաժանմունք ուղարկելուց առաջ խորհրդակցել է այդ օրը բաժանմունքի պատասխանատու հանդիսացող Արմեն Վարդանյանի հետ: Արմեն Վարդանյանը պնդում է, որ Հասմիկ Հակոբյանը ինքնուրույն, առանց իր հետ խորհրդակցելու է որոշել հղիին գինեկոլոգիական բաժանմունքում պահելու փոխարեն ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք:

Հիշեցնենք, որ Նարինե Շարոյանը «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել էր, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո, նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հուլիսի 2-ին մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ: