Վանաձորում 2013թ. հոկտեմբերին սպանված 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվել է, քանի որ վկան կրկին դատարան չէր ներկայացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցեւի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Դատաքննությունը փետրվարի 19-ից վերսկսվել էր, քանի որ մեղադրող կողմի միջնորդությամբ դատարանը որոշել էր կրկին հարցաքննել գործով վկաներից մեկին, որի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքներում առկա էին էական հակասություններ:
«Դատարանը որոշում ուներ` վկային բերման ենթարկելու, սակայն պարզվում է, որ վկան Արցախում է եւ նիստին մասնակցել չի կարող: Դատարանը կրկին հետաձգեց նիստը` նշաննակելով այն մարտի 9-ին: Մենք, սակայն, խորը կասկածներ ունենք, որ այդ վկան երբեւիցե դատարան կգա»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Գործով այս վկան վերջին անգամ հարցաքննվել է 2015թ. օգոստոսի 5-ին: Նախաքննության ժամանակ վերջինն ընդգծել էր, որ Դավիթին սպանել է Կունգուրցեւը, մինչդեռ դատարանում հայտարարել էր, թե չի տեսել` ով է դանակով հարվածել 15-ամյա պատանուն: Ի դեպ, մահացած պատանու հարազատները չեն հավատում, որ սպանությունը կատարել է գործով մեղադրյալ Կարեն Կունգուրցեւը: Կունգուրցեւն էլ է պնդում, որ ինքը մեղավոր չէ։ Լոռու մարզում խոսակցություններ են պտտվում, որ սպանության իրական մեղավորը ԱԱԾ պաշտոնյայի որդի է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:
Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:





























