Երեւանի բնակիչներից մեկից «ԷկոԼուրը» ահազանգ է ստացել, որ կտրել են Մաշտոցի պողոտայում գտնվող «Զիգզագ» խանութի մոտի թթենին: Բնակչի համոզմամբ ծառը կտրել են «Զիգզագ»-ի աշխատակիցները:
«Երիտասարդ ծառ էր: Անցած տարի ճյուղերը կտրեցին, հիմա էլ ամբողջությամբ կտրեցին: Հարցիս, թե ինչու ծառը կտրեցիք, ասացին, որ խանգարում էր, իսկ խանութի մենջերն ինձ ընդհանրապես չուզեց ընդունել՝ դուռը փակելով երեսիս»,- ասել է բնակչուհին եւ նշել. «Մեզ մոտ ծառերը, որոնք թթվածնի աղբյուր են, գնալով պակասում են, մենք այդ ծառը մանկուց խնամում էինք, պարարտացնում էինք, իսկ հիմա այն չկա: Որոշ ժամանակ առաջ էլ կտրեցին ավելի տարեց մի թթենի, որ ավտոտնակ սարքեն: Մեր բակում, շուրջդ նայելով, այսօր միայն մեքենաներ ես տեսնում»:
Ավելի վաղ NEWS.an-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանի փետրվարի 29-ի նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երեւանում կատարված ապօրինի ծառահատումներին եւ մասնավորապես ասել. «Ոմանց համար կարծես այնքան էլ պարզ ու հստակ չէ, որ ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի է: Ընդհանրապես ավելի հաճախակի անդրադարձեք նման երևույթների անթույլատրելիությանն ու ամեն անգամ հիշեցրեք այն պատասխանատվության մասին, որ կկրի ծառն ապօրինի հատողը: Այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Ըստ այդմ, ակնկալում եմ կոշտ և հետևողական պայքար նման երևույթների դեմ»:
Լուսանկարը՝ «ԷկոԼուրի»





























