Ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող, դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական նիստն այսօր՝ մարտի 1-ին հետաձգվել է:

«Գոռ Վարդանյանը վատառողջ է, այդ պատճառով չէր ներկայացել նիստին»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ամբաստանյալի փաստաբան Նաիրա Պետրոսյանը՝ նշելով, որ ինքը նույնպես վատառողջ է եւ նիստին չէր ներկայացել:

Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 10-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Վարդանյանն ուղղակի առնչություն է ունեցել «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվանմամբ հասարակական կազմակերպության հետ: Գոռ Վարդանյանը քննությամբ չպարզված անձից և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն ՀԿ-ի կողմից օգտագործվող տարածքում, մինչև խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք:

Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: