Գարնանը` կապված եղանակային փոփոխությունների հետ, մարդու մոտ վարքագծային փոփոխություններ են առաջանում, նա դառնում է ավելի ագրեսիվ եւ էմոցիոնալ: Այս մասին այսօր` մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կլինիկական հոգեբան Նարինե Պետրոսյանը:

«Մարդիկ սովորաբար առանձնացնում են աշնանային դեպրեսիան, սակայն հոգեբանության մեջ գարնանային դեպրեսիա հասկացությունն էլ կա, որոնք համարժեք են: Այսինքն` կապ չունի փոփոխությունը դեպի դրականն է, թե բացասականը, եղանակը ցրտում է, թե տաքանում, կարեւորն այն է, որ փոփոխություն կա, ինչը հանգեցնում  է դեպրեսիայի»,- նշեց Նարինե Պետրոսյանը:

Հոգեբանի խոսքով, գարնանը դեպրեսիան կարող է խորանալ, քանի որ այս շրջանում մարդու մոտ  ակտիվանում է վիտամինների, հույզերի, գույների նկատմամբ պահանջմունքը:

«Քիչ քնող մարդը դառնում է ագրեսիվ, վատ սնվող մարդը դառնում է ագրեսիվ, ֆիզիկապես եւ հուզականորեն չբավարարված մարդը դառնում է ագրեսիվ: Այսինքն` գարնանը դրսեւորվող ագրեսիան հիմնականում  չբավարարված պահանջմունքի հետեւանք է»,-ասաց նա:

 Դեպրեսիայի բացասական հետեւանքներից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ տվեց սնունդը հարստացնել վիտամիններով, շատ լինել մաքուր օդում, կրել վառ գույնի հագուստ եւ աքսեսուարներ:

«Անգամ եթե եղանակն անձրեւային է, կարելի է վառ անձրեւանոց վերցնել, ծաղիկներ գնել, որպեսզի գույների պահանջմունքը բավարարվի, շատ պտուղ-բանջարեղեն օգտագործել, որպեսզի վիտամինների պակասը լրացնեն եւ ագրեսիվությունը նվազի»,- նշեց նա:

Նարինե Պետրոսյանի ներկայացմամբ, այս սեզոնին ակտիվանում են նաեւ քրոնիկ հիվանդությունները, նեւրոզները, ուստի անհանգստացնող նշանների ի հայտ գալուն պես պետք է դիմել մասնագետին:

«Նման խնդիրներին կարելի է արագ լուծում տալ, եթե մարդիկ չխուսափեն դիմել բժշկի, չթաքցնեն դրանք: Եթե օրգանիզմի գերլարվածությունն ու ագրեսիան մարդիկ ընդունեն որպես ահազանգ, որ ինչ-որ բան այն չէ եւ օրգանիզմը խնդիր ունի, ապա շատ հիվանդությունների բարդացումներից հնարավոր կլինի խուսափել»,- նշեց նա: