Աբովյանում ուղեւորափոխադրումն արդեն մեկ ամիս է իրականցնում է այլ ընկերություն նախկին 100-ի փոխարեն 50 դրամով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը:
Նոր ընկերությունը մեկ ամիս է` ինչ սկսել է իրականացնել ուղեւորափոխադրում: 2015 թվականի նոյեմբերին մրցույթ էր նախատեսված, որն այդպես էլ տեղի չի ունեցել: «Կանի լիճ» ընկերությունը միանգամից անցել է գործի, իսկ «Քինգ դե լյուքսը» դադարեցրել է գործունեությունը:
Հիշեցնենք, որ նոր ընկերությունը ներքաղաքային ուղեւորափոխադրում էր իրականցնում նաեւ «Քինգ դե լյուքս»-ից առաջ:
Հարցին, թե ի՞նչ պատճառով չի կայացել մրցույթը, Վահագն Գեւորգյանը պատասխանեց.
«Մենք հարցը քննարկեցինք նաեւ «Քինգ դե լյուքս» ընկերության, ինչպես նաեւ այլ տրանսպորտային ընկերությունների հետ, որովհետեւ մենք մեր առջեւ խնդիր էինք դրել` Աբովյան քաղաքում իրականացնել նորմալ ուղեւորափոխադրում կամ ներգրավվել այնպիսի ընկերության, որ այդ բեռը կրեր: Այսինքն հիմնավորվեց, որ ներքաղաքային ուղեւորափոխադրումը ավտոբուսներով իրականացնելը ձեռնտու չէ, չի արդարացնում: Նաեւ սա էր պատճառը, որ Արթուր Հարությունյանի («Քինգ դե Լյուքսի» սեփականատեր-խմբ) երթուղիներից մեկն էր աշխատում, ըստ էության: Հիմա, փառք Աստծո եկել է մի ընկերություն, որը ներկայացրեց ցածր գնով առաջարկ եւ բոլոր երթուղիներով կարողանում է նորմալ աշխատել»,-ասաց քաղաքապետը:
Նա վստահեցրեց, որ ինքը տեղյակ չէ այն լուրերից, որ Ծառուկյանն է նպատակադրվել գնել Արթուր Հարությունյանին պատկանող ընկերությունը: Նշեց, որ իր խնդիրը քաղաքում ուղեւորափոխադրման խնդիրը լուծելն է:
«Քինգ դե լյուքս» ընկերությունը ուղեւորափոխադրման օրենքով նախատեսված իր ժամկետն ավարտել է , որից հետո նոր ընկերությունն է սկսել աշխատել 50 դրամ ուղեվարձով:
Վահագն Գեւորգյանը վստահեցրեց, որ տեղյակ չէ` ինչ պատճառով է վերջին օրերին դադարեցվել «Քինգ դե լյուքս»-ի նաեւ միջքաղաքային ուղեւորափոխադրումը:




























