Նոր տարեսկզբին հարկային ոլորտում նախորդ տարվա բացասական միտումները շարունակվել են: Պաշտոնական տվյալներով, հունվարին պետբյուջեի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են գրեթե 2.1 մլրդ դրամով (կամ 2.7%-ով): Առանց նպատակային սոցվճարների այդ ցուցանիշներն ավելի են վատթարանում՝ կազմելով, համապատասխանաբար, գրեթե 2.3 մլրդ դրամ եւ 3.0%-ի անկում:

Հիշեցնենք, որ նշված «նպատակային սոցվճարները» ներդրվեցին անցյալ տարեսկզբին, պետական հատվածի աշխատակիցների համար՝ պարտադիր կարգով: Դրանք, ըստ էության, կենսաթոշակային համակարգի լրացուցիչ բաղադրիչն են: Ժամանակին առանձին գործող Կենսաթոշակային հիմնադրամը ներառվեց պետբյուջեում, ինչը թույլ տվեց այդ ոլորտում բարելավել իրավիճակը: Սակայն «նպատակային սոցվճարները» պետբյուջեում ներառելու շարժառիթը, հաշվի առնելով դրանց նշանակության առանձնահատկությունը, այնքան էլ հասկանալի չէ:

Միաժամանակ, «նպատակային սոցվճարներն» անցյալ տարի «փոխհատուցեցին» հարկային հոսքերի անկումը: Պետբյուջեի հարկային եկամուտները ձեւականորեն աճեցին: Իհարկե՝ զուտ խորհրդանշական չափով (տարեկան կտրվածքով՝ 0.4%-ով), բայց աճեցին: Պատկերը փոխվում է, երբ ամփոփիչ գումարից դուրս ենք բերում «նպատակային սոցվճարները»: Այդ դեպքում աճի փոխարեն 0.2%-ի չափով անկում է ստացվում: Սա՝ անցյալ տարվա արդյունքներով:

Հիմա բազային ամսում (այսինքն՝ անցյալ տարվա հունվարին) «նպատակային սոցվճարներն» արդեն առկա են: Այդ պատճառով ընթացիկ տարվա հունվարին հարկերի դինամիկայում վերը նշված անկումը հստակ արտահայտվում է: Հիմնականում դա կախված է ԱԱՀ-ի հետ, որի մասով հավաքագրումները կրճատվել են գրեթե 2.5 մլրդ դրամով կամ 7.3%-ով: Ընդ որում, ԱԱՀ-ն 3.2%-ով դանդաղեցրել է ընդհանուր հարկային եկամուտների դինամիկան:

Իհարկե, կարելի է խնդիրը բարդել համաշխարհային տնտեսության վրա: Ասենք՝ հումք արտահանող երկրներում գործերը վատ են: Վառ օրինակը նավթ արդյունահանող երկրներն են, այդ թվում՝ Ռուսաստանը, որտեղ ռուբլին անկում է գրանցել, գործազրկությունն աճել է, երկնիշ գնաճը զգալիորեն նվազեցրել է բնակչության իրական եկամուտները եւ այլն: Հայաստանի համար դրա հետեւանքը Ռուսաստան մեր արտահանման ծավալների կրճատումն է, ինչպես նաեւ այդ երկրից դրամական փոխանցումների հոսքի նվազումը: Բայց սա միայն ընդգծում է Հայաստանի տնտեսության խոցելիությունը:

Մեր տնտեսությունում շարունակական թերությունները բազմաթիվ են: Թվարկենք դրանցից միայն մի քանիսը. չափազանց կախվածությունը մասնավոր արտաքին դրամական փոխանցումներից, արտաքին առեւտրաշրջանառությունում հսկայական դեֆիցիտը, արտահանման մեջ հումքի գերակշռումը, առանձին ապրանքային շուկաների մենաշնորհայնացումը եւ այլն: Այստեղից օրինաչափ հարց է առաջանում. կարելի՞ է, արդյոք, մեր ֆիսկալ քաղաքականությունն արդյունավետ , հայրենական տնտեսության զարգացմանը նպաստող համարել: Դատելով այժմյան արդյունքներից՝ այդ ոլորտում գործը սահմանափակվել է պարզ հարկահավաքությամբ:

Սմբատ Գրիգորյան