Ընտրական օրենսգրքի նախագիծը մինչ հանրությանը ներկայացնելը նախ  Վենետիկի հանձնաժողով ուղարկելու նպատակն այն էր, որ քննարկման դրվի այնպիսի նախագիծ, որը եվրոպական ընտրական համակարգի չափանիշներին կհամապատասխանի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու նախքան Վենետիկի հանձնաժողովին ուղարկելը չեն հրապարակել նախագիծը, որից բողոքում են ընդդիմադիր ուժերը:

«Սա նախնական փուլն է, որից հետո  արդեն  խորհրդարանում  առաջարկներ կներկայացվեն,  լսումներ կլինեն»,-ասաց նա:

Նշենք, որ այս օրերին քաղաքական ու քաղաքացիական ուժերը ակտիվորեն քննարկումներ են կազմակերպում նախագծի վերաբերյալ, սակայն որեւէ մեկն այն չի տեսել եւ հայտնի չէ` ինչ տեսքով է այն ուղարկվել Վենետիկի հանձնաժողովին:

«Այսինքն` այս  նախնական փուլում պետք է իմանանք` ինչ է առաջարկվում, ինչ պետք է դրվի քննարկման եւ արդյոք դա համապատասխանում  է եվրոպական չափանիշներին: Սրանից հետո միայն  քննարկման դնենք ու ասենք` այս  հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:  Այս կամ այս  կետերի նկատմամբ էլ  ունի որոշակի վերապահումներ: Այսինքն` հանրության քննարկմանը  ներկայացնենք ընդունելի տարբերակը: Այս փուլի նպատակը հետեւյալն է` քննարկանն դնել այնպիսի նախագիծ, որը  եվրոպական ընտրական համակարգի չափորոշիչների մեջ է»,-ասաց պատգամավորը: