Ամբողջ աշխարհում հանրային առողջապահությունը համարվում է ազգային անվտանգության ամենակարեւոր գործոններից մեկը։ Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, որն այսօր ընդունել է մարտի 1-2-ը Երեւանում անցկացվող «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիին, Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյին, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյին եւ Ղազախստանի Հանրապետության առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Ելժան Բիրտանովին:
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել հանրային առողջապահության արդի խնդիրներին ու մարտահրավերներին նվիրված երեւանյան համաժողովը: Ընդգծելով, որ ամբողջ աշխարհում հանրային առողջապահությունը համարվում է ազգային անվտանգության ամենակարեւոր գործոններից, ինչպես նաեւ պետությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության հաջողության գլխավոր չափանիշներից մեկը, Սերժ Սարգսյանը նշել է, որ հանրային առողջապահության խնդիրներն արդի աշխարհում չեն ճանաչում սահմաններ, ի հայտ եկած նոր վիրուսների համաճարակը չի սահմանափակվում մեկ պետությամբ եւ այսօր լրջագույն վտանգ է բոլոր պետությունների ժողովուրդների համար: Այս եւ նման խնդիրները, նախագահի համոզմամբ, հնարավոր է արդյունավետորեն լուծել միայն սերտ համագործակցության, մասնագիտական փորձի փոխանակման, ոլորտի հաջողություններն ու ձեռքբերումները գործընկերների հետ կիսելու շնորհիվ, ինչին է միտված նաեւ Երեւանում անցկացվող նախարարական համաժողովը:
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հայաստանի իշխանություններին եւ առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, նման կարեւոր քննարկումների հարթակ ստեղծելու եւ մասնակցության հրավերի համար, նշելով, որ հանրային առողջապահության ոլորտում փոխգործակցության լայն դաշտ եւ չիրացված մեծ հնարավորություններ կան: Նրանք գոհունակությամբ են փաստել, որ Երեւանում անցկացվող համաժողովում բավականին հետաքրքիր եւ փոխադարձ օգտակար ելույթներ են հնչել, փաստեր ներկայացվել, անդրադարձ է եղել առաջավոր փորձի կիրառմամբ մասնակից երկրներում իրականացվող ծրագրերին, ոլորտի բարեփոխումներին, առկա խնդիրներին ու մտահոգություններին: Այս ձեւաչափով գործընկերությունը, նախարարների համոզմամբ, զգալիորեն կնպաստի ինչպես ոլորտի պատասխանատուների միջեւ հարաբերությունների եւ համագործակցության ամրապնդմանը, այնպես էլ առողջապահության զարգացմանը:































