ԵՏՄ-ում միասնական տեղեկատվական մաքսային համակարգը պետք է ձեւավորվի մինչեւ ընթացիկ տարվա կեսը։ Այս մասին Ռուսաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի համագումարում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միջոցառման մասնակիցները մեկը, նշելով, որ արտահանող կամ ներկրող ընկերությունները տասնյակ գերատեսչությունների հսկողության տակ են, կոչ է արել միջգերատեսչական համակարգ ստեղծել մաքսատանը, որը կաշխատի «միասնական պատուհանի» պես։
Պուտինն իր հերթին նշել է, որ ԵՏՄ շրջանակներում ընդհանուր տեղեկատվական համակարգի ձեւավորման մասին համաձայնագիր կա։ «Մենք դա կստեղծենք, ընդ որում կանենք մոտ ժամանակներս, ես կարծում եմ մինչեւ տարվա կես աշխատանքները կավարտվեն»,- ասել է նա։
Համագումարի մասնակիցը նաեւ բողոքել է, որ ԱԱՀ-ի փոխհատուցման դիմումների բոլոր դեպքերում ստուգումները երկար են տեւում՝ 3 ամիս։ Գործարարն առաջարկել է այդ կապակցությամբ չափանիշներ մշակել բարեխիղճ հարկատուներին առանձնացնելու համար եւ թուլացնել նրանց ստուգումները։ Պուտինը այդ առաջարկին նույնպես հավանություն է տվել։




























