Գյումրեցի 32-ամյա Քրիստինե Մանուկյանը իր երկու երեխաների`10-ամյա Հովհաննեսի ու 8-ամյա Մարիամի մոտ ախտորոշված հիվանդությունները թվարկելիս դժվարանում է բոլորը հիշել` ուղեղի կիստա, ստամոքսի խոց, պարբերական հիվանդություն, օստեոպորոզ, անոթների խնդիր…

Քրիստինեի խոսքով, տղայի գլխին` այն էլ երեք տեղում, բժիշկները դեռ մի քանի տարի առաջ են կիստա հայտնաբերել: Անհրաժեշտ բուժումներ անելու համար ծնողները, սակայն, գումար չունեն:

Ներգանգային ճնշման տատանումների հետեւանքով 10-ամյա Հովհաննեսի մոտ տարիներ շարունակ պարբերաբար շնչահեղձություն է առաջանում: Խնդիրն ավելի է սրվել 2015թ. սեպտեմբերին, երբ տղան հոր հետ ավտովթարի է ենթարկվել:

«Առաջ էդքան զգացնել չէր տալիս, դրանից հետո շատ վատացավ երեխու վիճակը, ներգանգային ճնշումը սկսեց արագ բարձրանալ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսի մայրը:

Նա նշեց, որ տղայի խոսակցական նյարդի վրա գտնվող կիստան այս տարվա փետրվարի 1-ին բժիկները հեռացրել են, սակայն եւս երկուսը, որոնք ուղեղի վրա են գտնվում, վիրահատել չեն համարձակվել:

«Ասին` սարքեր չունեն էստեղ, որ դրանք էլ վիրահատեն, Լենինգրադ կամ Գերմանիա է պետք տանել»,- նշեց Քրիստինեն:

Առողջական լուրջ խնդիրներ ունի նաեւ Քրիստինեի դուստրը: Նրա բուժումներով զբաղվելու համար ծնողները ոչ ժամանակ, ոչ էլ միջոցներ ունեն. նրանց գերխնդիրն այս պահին Հովհաննեսի վիրահատության համար հիվանդանոցին պարտք մնացած 600.000 դրամի հայթայթումն ու տղայի փաստաթղթերն ամբողջացնելուց հետո դրանք արտասահման ուղարկելն է:

 «Դեռ էպիկրիզը չեն փակել բժիշկները: Որ պարտքը տանք, էպիկրիզը կտան, կուղարկենք Գերմանիա»,- ասաց Քրիստինեն:

Մի քանի տարի առաջ առողջական խնդիրների հետեւանքով 2-ամյա որդուն կորցրած ծնողներն այսօր ապրում են գոնե Հովհաննեսին ու Մարիամին առողջ տեսնելու երազանքով:

«Մյուս տղայիս համար ինչ ունեինք-չունեինք ծախինք, բուժումներ արինք, բայց ոչինչ չօգնեց»,- ասաց երեխաների հայրը, ով վթարի հետեւանքով զրկվել է աշխատելու հնարավորությունից անգամ:

Երեխաների բուժման ծախսերը հոգալու համար Քրիստինե Մանուկյանի անունով «ՊրոԿրեդիտ» բանկում բացվել են հաշվեհամարներ`

253050044945-0092 եվրո,

253050044952-0093 ռուբլի,

253050044937-0090 դրամ:

Օգնել ցանկացողները կարող են զանգահարել երեխաների մորը` 077 94-53-24: