Հայաստանի Ազգային ժողովը պատրաստակամ է շարունակելու իր ակտիվ մասնակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին, մարտի 1-ին, Սանկտ Պետերբուրգում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Ալեքսեյ Սերգեեւը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Էդուարդ Շարմազանովն իր հերթին վերահաստատել է, որ Ազգային ժողովը պատրաստակամ է շարունակելու իր ակտիվ մասնակցությունն ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին:
ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելության մասնակցությունը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստման եւ իրականացման գործընթացին հետեւելու հարցում:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ԱԺ փոխնախագահին Հայաստանում անցկացված հանրաքվեի կապակցությամբ:





























