ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սորոկինին՝ պաշտոնավարման ժամանակաշրջանում ակտիվ գործունեության համար, գոհունակությամբ նշելով, որ նրա գլխավորությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը անցած տարիներին արդյունավետ աշխատանք եւ տարբեր ոլորտներում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: «Վստահ եղեք, որ Դուք Երեւանում թողնում եք ոչ միայն Ձեր գործերը, այլ նաեւ մարդկանց, ովքեր բարձր են գնահատում ինչպես Ձեր գործունեությունը, այնպես էլ Ձեր մարդկային որակները: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ եւ անձնական կյանքում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նոր ղեկավարը նույնպիսի ջանադրությամբ եւ համագործակցության պատրաստակամությամբ կաշխատի՝ ավելի ամրապնդելով Հայաստանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ հարաբերությունները:
Անդրեյ Սորոկինը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ խոսքերի, բարեմաղթանքների, ինչպես նաեւ Երեւանում իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում Հայաստանի պետական մարմինների կողմից ԵԱՀԿ գրասենյակի նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության եւ արդյունավետ համագործակցության համար: Նա հպարտությամբ է նշել, որ վերջին տարիներին իրականացված ծրագրերի շնորհիվ ամուր հիմքեր եւ լավ նախադրյալներ են ստեղծվել մի շարք ոլորտներում Հայաստանի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ հետագա սերտ փոխգործակցության ու նոր ծրագրեր կյանքի կոչելու համար:





























