Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները կսկսվեն այն բանից հետո, երբ այն ներկայացվի Ազգային ժողովում։ Այս մասին մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ Պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
Նրա խոսքով՝ լրջորեն շահարկվում էր հարցը, թե նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու պատճառով ընդդիմությունն եւ շահագրգիռ անձինք չեն կարողացել մասնակցել նախագծի քննարկմանը։ Սակայն, Սահակյանը կարծում է, որ անհրաժեշտ էր հնարավորինս շուտ ուղարկել նախագիծը, քանի որ ժամանակը սահմանափակ է։ «Մենք Ընտրական օրենսգրքի նախագիծը ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով, որպեսզի վերջնական եզրակացություն ստանանք, որը կլինի հավանաբար մարտի 15-16-ը։ Այսինքն՝ մինչեւ մարտի 20-ը մենք կունենանք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։ Բոլոր շահագրգիռ անձինք կարող են իրենց հարցերը հղել մեր Հանձնաժողովին»,- նշել է Սահակյանը։





























