Ընտրական օրենսգրքի այս տեքստն իրականում հետքայլ է ժողովրդավարությունից, այն իշխանությունների վերարտադրման տեխնիկական, տակտիկական ծրագիրն է: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ անընդունել է, երբ առանց հասարակական եւ քաղաքական ուժերի հետ քննարկումների, Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն ուղարկեցին Վենետիկի հանձնաժողովի:

«Ընտրական օրենսգիրքը պետք է ներկայացվի այնպիսի բովանդակությամբ, որը կկարողանա միջազգային չափանիշներին համապատասխան ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնել մեր երկրում: Ներկայումս ՀՀ-ից հարյուր հազարավոր քաղաքացիներ են բացակայում ու ամեն ընտրության ժամանակ դատարկ բնակավայրերում մինչեւ 90, անգամ 100 տոկոսից ավելի ընտրություն է ապահովվում»,-ընդգծել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններն, իբրեւ թե, այնպիսի մեխանիզմներ են ուզում կյանքի կոչել, որոնք ընդունված են միջազգային հանրության կողմից, բայց բոլորը մշակվում են այնպես, որ հարմարեցվեն իշխանության վերարտադրմանը։

«Եթե մեքենան ռուսական արտադրության հին «Ժիգուլի» է, որքան էլ ներկես, ինչ-որ բաներ ավելացնես, միեւնույնն է, դա «Ժիգուլի» է, ոչ թե «Մերսեդես»,-նշել է «Ժառանգության» ներկայացուցիչը:

Անդրադառնալով ընտրողների էլեկտրոնային գրանցման խնդրին, նա նկատել է, որ դա վերաբերում է այն մարդկանց, ում անձնագիրը կենսաչափական է, իսկ մյուսների դեպքում գրանցումը լինելու է ավանդական եղանակով:

Փոխարենը «Ժառանգությունն» առաջարկում է ներառել հետեւյալ դրույթները՝ քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում, հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակների ապահովում, մատնահետքերով ընտրողների գրանցում, ընտրատեղամասում առցանց նկարահանում, համամասնական պարզ համակարգի ներդրում՝ առանց վարկանիշային սկզբունքի։