Հայաստանում անվստահության հիմնական խնդիրը կապված է ընտրական գործընթացի ժամանակ գրանցման հարցի հետ։ Այդ պատճառով մենք ուզում ենք գրանցման էլեկտրոնային տարբերակ կիրառել կեղծումները բացառելու նպատակով։ Այս մասին մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ Պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։
Նրա համոզմամբ դա լուրջ առաջընթաց կլինի։ «Մենք ակտիվ, լուրջ քննարկումներ կունենանք քաղաքացիական հասարակության եւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, ինչպես դա եղել է սահմանադրական փոփոխությունների ժամանակ։ Այդ քննարկումները կկայանան մոտավորապես մարտի 22-ին։ Դրանից հետո մենք Ընտրական օրենսգրքի նախագիծը կդնենք ՀՀ Պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի քննարկմանը, որից հետո միայն նա կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստին»,- նշել է Սահակյանը։




























