Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ իրավապահ եւ ուժային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկել է հանցավորության դեմ պայքարին, հասարակական կարգի պահպանմանը եւ այս գործընթացի մեջ ներգրավված մարմինների առջեւ ծառացած խնդիրներին եւ հետագա անելիքներին առնչվող հարցեր:

Համապատասխան զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Իր խոսքում նախագահ Սահակյանը նշել է, որ իրավապահ եւ ուժային համակարգերի գործունեության արդյունավետությունը կախված է ինչպես առանձին կառույցների աշխատանքից, այնպես էլ նրանց փոխգործակցության մակարդակից:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ոչ մի հանցագործություն չպետք է անպատիժ մնա, ինչը բոլոր կառույցների աշխատակիցներից պահանջում է արհեստավարժության համապատասխան մակարդակ, սկզբունքայնություն, իրենց վրա դրված պարտականությունների հստակ կատարում՝ հավելելով, որ հասարակությունը պետք է անընդունելի համարի ցանկացած հանցավոր դրսեւորում:

 Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: