Վենետիկի հանձնաժողովում մեր թշնամիներն չեն նստած, որոնց չի կարելի վստահել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ գնահատականներ կհնչեցնի հաջորդ շաբաթ, երբ հանդիպում կունենա նախագիծը պատրաստողների խմբից Վարդան Պողոսյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ:
«Ես առայժմ ձեռնպահ կմնամ մասնագիտական առումով նախագիծը քննարկելուց: Մենք ունենք առաջարկների փաթեթ, այն հաջորդ շաբաթ կքննարկենք խմբակցությունում, ինչպես նաեւ հանդիպում կունենանք Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ, որից հետո գնահատականներ կհնչեցվեն: Առայժմ հատվածական չեմ ուզում խոսել` այս կամ այն դրույթը առանձնացնելով»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ ղեկավարը խնդիր չի տեսնում այն հարցում, որ սկզբում նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին, որի հրապարակելուց հետո միայն քննարկվել կառավարությունում ու հրապարակվել: «Ես այդտեղ առանձնապես ողբերգություն չեմ տեսնում, չեմ կարծում, որ հանձնաժողով ուղարկվել է այլ տարբերակ, կառավարություն` այլ: Չեմ կարծում, որ Վենետիկի հանձնաժողովում մեր թշնամիներն են նստած, որոնց չի կարելի վստահել: Մենք ոչ թե պիտի կենտրոնանանք նրա վրա, թե որին քանի րոպե շուտ ուղարկվեց, այլ ավելի լուրջ հարցերի վրա, կարողանալ այդ փաստաթղթի շուրջ ստեղծել լայն կոնսոլիդացիա ու մշակել փաստաթուղթը, որը բազմաթիվ շտկումների կարիք ունի»,-ընդգծել է Զոհրաբյանը:
Նա նշեց միայն, որ իրեն մտահոգում է փաստը, որ նոր ընտրական օրենսգրքի նախագծով ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թիվը սահմանափակվել եւ դարձել 8:





























