Ռեյտինգային քվեարկությամբ խորհրդարան անցնելու համար անձը պետք է նաեւ իր քաղաքական կուսակցության համապատասխան ձայներն ապահովի։ Այս մասին մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ Պետաիրավական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը

Նրա խոսքով՝ եթե նախկինում մեծամասնական ընտրական համակարգով ինչ-որ պատգամավոր կարող էր  ընտրվել 20 կամ 30 հազար ձայնով, եւ դա բերում էր նաեւ որոշակի սոցիալական կարգավիճակի, ապա այդ քաղաքական ուժը մշտապես ավելի քիչ ձայներ էր ստանում։ «Այնպես չէ, որ Երեւանում 4 ընտրական տարածքը բաժանել են 4 օլիգարխների միջեւ։ Շատ հնարավոր է, որ այս կամ այն տարածքում անձը ռեյտինգային քվեարկությամբ հավաքի ավելի շատ ձայն, իսկ քաղաքական ուժը, որը նա ներկայացնում է, չհավաքի համապատասխան ձայները, եւ այդ անհատը խորհրդարան անցնելու հնարավորություն չի ունենա»,- պարզաբանել է Սահակյանը։