Հայաստանում առաջիկա մեկ-մեկուկես տարվա ընթացքում կդիտվի կամ վերակազմավորում կամ «էլիտար հեղափոխություն», այսինքն՝ էլիտայի կազմի փոփոխություն։ Այս մասին մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա հիշեցրել է, որ այդ գործընթացը սկսվել էր 2010-2011թթ., երբ հայկական էլիտայում լուրջ փոփոխություններ տեղի ունեցան։ «Հետո Հովիկ Աբրահամյանի գալով այդ գործընթացը ինչ-որ կերպ սառեցվեց։ Հիմա սա կարելի է նոր գործընթաց համարել, կարելի է հնի շարունակությունը համարել։ Հանրապետականներն իրենց ձեռքն են վերցրել երկրի բոլոր լուրջ քաղաքական լծակները, նրանց լուրջ ընդդիմացողներ չկան։ Հակասությունները անցնում են իշխող կուսակցության ներս»,- նշել է Իսկանդարյանը։

Քաղաքագետը նշել է, որ երկրորդ հերթին՝ տեղի է ունենում օլիգարխներին քաղաքականությունից մի փոքր հեռացնելու փորձ։ «Դա չի նշանակում, որ օլիգարխությունը կդադարի օլիգարծություն լինել։ Սակայն քաղաքականության մեջ հաղթում է այն հոսանքը, որը ես կոչում եմ բյուրոկրատական։ Դրանք մարդիկ են, որոնց Սերժ Սարգսյանը քաղաքականություն է բերում, դրանք ավելի շուտ չինովնիկական  ուղղության մարդիկ են, քան բիզնեսի։  Հասկանալի է, թե ինչու է դա տեղի ունենում հենց հիմա։ Սերժ Սարգսյանի ձեռքերն ազատ են։ Անցում է կատարվում իշխանության ավելի պակաս անհատականացված մոդելի։ Հեռանալու նախապատրաստություն է ընթանում։ Ընտրություններ կլինեն, եւ Սերժ Սարգսյանը այլեւս  նախագահ չի լինի»,- հավելել է Ալեքսանդր Իսկանդարյանը։