Իշխող «Հանրապետական» կուսակցության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագիծը ոչ թե օրենսգիրք է, այլ հայտարարություն, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ։ Այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
«Սա այսօրվա բռնապետական իշխանության հայտարարությունն է։ «Ժառանգությունն» ունի իր առաջարկները։ Ես ինքս տասը տարի քաղաքականության մեջ եմ եւ այս ընթացքում բազմիցս բարձրաձայնել եմ այս առաջարկները»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, պետք է անցում կատարել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի, մինչդեռ շրջանառության մեջ դրված նախագծում դա չկա։
«Պարզվում է՝ այս Սահմանադրական դրույթը արդեն իսկ շրջանցվում է՝ հակասելով իրենց իսկ կողմից ընդունված Սահմանադրությանը։ Այս նախագծով փորձում են ցուցակներով ընտրություն անցկացնել, իսկ մենք պայքարում էինք, որ մեծամասնական ընտրակարգը վերանար»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։ Այն ենթադրում է բացի կուսակցությունների համամասնական ցուցակներից նաեւ ընտրական տարածքային ցուցակներ, որոնք նույնպես ներկայացնելու են կուսակցությունները:





























