Մարտի 8-ն ընդամենը առիթ է ընտանեկան հավաք կազմակերպելու համար, իսկ իրավունքներն ամեն կին ինքն է ձեռք բերում: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գարուն հանդեսի խմբագիր Կարինե Խոդիկյանը:
«Մարտի 8-ը պարզապես տոն է, իսկ յուրաքանչյուր կին իր խելքի ու հնարավորության չափով վաստակում է իր իրավունքները»,- ասաց նա:
Հանդիպմանը ներկա՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքով՝ Հայաստանի անկախացումից հետո կինը փորձում է հասարակության, քաղաքականության մեջ ձեռք բերել իր կարեւոր տեղը:
«Սովետական Միության տարիներին կնոջ իրավունքների պաշտպանության մասին չէր խոսվում, ընդունված էր, որ կնոջ իրավունքներն արդեն պաշտպանված են: Հետանկախացման տարիներին շատ բան է փոխվել, կինը այժմ փորձում է ոչ միայն ընտանիքում պահպանել իր դերը, այլեւ հասարակության, քաղաքականության մեջ ձեռք բերել իր կարեւոր տեղը»,- ասաց Անուշ Սեդրակյանը՝ նշելով, որ Արցախյան պատերազմը Հայաստանին հաղթող կանանց սերունդ պարգեւեց:
Կարինե Խոդիկյանի խոսքով՝ հայ կինն այժմ ավելի ինքնավստահ ու ուժեղ է դարձել:
«Տղամարդկանց մեծ մասը դրսում է, կանայք ընտանիքի ամբողջ բեռը իրենց վրա են վերցրել, ավելի ինքնավստահ ու ուժեղ են դարձել: Սա, իհարկե, նաեւ բացասական ազդեցություն ունի, ինչը սոցիոլոգների ու հոգեբանների գործն է»,- ասաց Կարինե Խոդիկյանը:
Անուշ Սեդրակյանի խոսքով՝ առողջ հասարակություն ունենալու համար կինը պետք է տղամարդու առաջ այլ պայմաններ ու ամբիցիաներ դնի: «Կինը պետք է պահանջի՝ ունենալ լավ պետություն. այդ պետության մեջ հանգիստ լինեմ, եւ սիրո մեջ լինեմ երջանիկ»,-ասաց նա:




























