«Էյր Արմենիա» ավիաընկերությունը դեռեւս չի մարել երեւանյան «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց օդանավակայանի կոմերցիոն տնօրեն Գագիկ Թովմասյանը:
«Ձեզ հայտնի է, որ այդ ընկերությունը լուծարման գործընթացում է: Այն նաեւ այլ պարտքեր ունի: Ինչ վերաբերում է մեզ, ապա պարտքերի մարման ժամանակացույցով զբաղվում են իրավաբանները»,- հայտարարեց Թովմասյանը՝ նախընտրելով չնշել պարտքի գումարի չափը:
Այլ ավիափոխադրողները, որոնց սպասարկում է «Զվարթնոց»-ը, միայն ընթացիկ պարտքեր ունեն: «Ժամկետանց պարտքեր այլ ընկերություններ չունեն»,- հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ 2015 թվականի օգոստոսի 12-ին ընկերությունը հայտարարեց իր հաշվեկշռին 68 մլն դոլարի չափով արժեթղթերի ստացման մասին: Սակայն նոյեմբերի 2-ին դատարանն «Էյր Արմենիա»-ն սնանկ ճանաչեց: 2016 թվականի փետրվարին ընկերությունը վերակազմավորման ծրագիր ներկայացրեց:




























