Անկախության 19 տարիների ընթացքում Հայաստանի ունեցած ձեռքբերումների մասին իշխանությունն ու ընդդիմությունը գրեթե նույն պատկերացումն ունեն: Ձեռքբերումների թվում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշեցին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հայկական բանակը, կայացած պետական ինստիտուտները: Սակայն ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը լրացրեց ձեռքբերումների ցանկը՝ նշելով «Հայաստանում ժողովրդավարության առաջընթացը, բուն անկախությունը, որի շնորհիվ Հայաստանն այսօր կախված չէ արտաքին աշխարհից եւ ինքնուրույն է վճռում իր ճակատագիրը»:  Կորուստների թվում Ռաֆիկ Պետրոսյանը դժվարացավ որեւէ բան նշել: Միակ բացթողումը, որը Պետրոսյանն արձանագրել է անկախության անցած 19 տարիների ընթացքում, կոռուպցիան է:

Իսկ ահա ընդդիմադիր Ստյոպա Սաֆարյանը մի շարք բացթողումներ հիշատակեց, որոնց թվում են «ե՜ւ կեղծված ընտրությունները, ե՜ւ սոցիալական բեւեռվացվածությունը, ե՜ւ ավտորիտար կառավարման համակարգը»:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի անկախության 19-րդ տարեդարձը: