Ամերիկյան ՆԱՍԱ տիեզերական գործակալության փորձագետները կարծում են, որ Մերձավոր Արեւելքում հնգամյա քաոսի պատճառները պետք է փնտրել «տարածաշրջանում վերջին 900 տարվա ընթացքում ամենաերկարատեւ երաշտի մեջ», որը սկսվել է 1998-ին, գրում է Գիլ Յարոնը գերմանական Die Welt թերթի էջերում, տեղեկացնում է Inopressa-ն: Ընդ որում, ինչպես պարզել են մասնագետները, այդ երաշտը «ոչ միայն ավելի երկարատեւ էր, այլեւ 50 տոկոսով պակաս խոնավ, քան վերջին 500 տարիների երաշտները»:
ՆԱՍԱ-ի փորձագետների կարծիքով, 2011-ին արաբական միանգամից բոլոր պետություններում «պայթյունը» մասամբ «բացատրվում է նրանով, որ 2010-ի ամռանը միանգամից մի քանի էքստրեմալ իրադարձություն տեղի ունեցավ, որոնք շրջեցին Մերձավոր Արեւելքի առանց այն էլ անկայուն կլիմայական հավասարակշռությունը»: Դրանք էին` Չինաստանի երաշտը, հսկայական տափաստանային հրդեհները Ուկրաինայում եւ Ռուսաստանում, ինչպես նաեւ հզոր վարարումները Կանադայում եւ Ավստրալիայում, որոնք հանգեցրին անբերրիության եւ ցորենի գների կրկնակի աճի, ինչն իր հերթին անդրադարձավ Մերձավոր Արեւելքի վրա` տարածաշրջանի, որտեղ կենտրոնացած է աշխարհի բնակչությանը 5 տոկոսը եւ խմելու ջրի համաշխարհային պաշարի ընդամենը 1 տոկոսը: Բացի այդ, ցորենի համաշխարհային տասը ներկրողներից ինը Մերձավոր Արեւելքից են, եւ ամենից շատ տուժել էին այնպիսի երկրներ, ինչպիսին Եգիպտոսն է:
2006-2011 թթ-ին Սիրիայում սատկեց ընտանի կենդանիների 85 տոկոսը, 800 հազար գյուղացի կորցրեց եկամտի աղբյուրը, երեք մլն սիրիացի գլորվեց աղքատության գիրկը եւ սկսեց հեռանալ գերբնակեցված քաղաքներ, որոնք արդեն ապաստան էին տրամադրել իրենց հայրենիքում քաոսից փախած միլիոնավոր իրաքցիների:
Արդյունքում ամբողջ Մերձավոր Արեւելքում «մեծ վերաբնակեցումը» եւ երեք գործոնի` աշխարհում ամենաարագ աճող բնակչության, կոռումպացված իշխանությունների եւ էկոլոգիական խնդիրների համադրությունը «իդեալական վառոդի տակառ» դարձան, ասված է հոդվածում:
Կլիմայի եւ քաղաքական ճգնաժամերի նման փոխազդեցությունն իր պատմական նախադեպերն ունի, շարունակում է Յարոնը: Այսպես, մոտ 3,3 հազար տարի առաջ ընդամենը մի քանի տասնամյակում փլուզվեցին խեթերի, ասորեստանցիների, միկենացիների պետությունները, ինչպես նաեւ Կիպրոսը եւ հարուստ Եգիպտոսը: Դրա պատճառը նաեւ երկարատեւ երաշտն էր, որը շղթայական ռեակցիա առաջացրեց. աղքատացած գյուղացիները քոչվոր ռազմիկներ էին դառնում, ինչը հանգեցնում էր պետությունների պահպաման ծախսերի աճի` գյուղատնտեսությունից եւ առեւտրից գանձատան եկամտի կրճատման ֆոնին: Արդյունքում նույնիսկ լավ կազմակերպված պետություններին չէր հաջողվում հաղթահարել «սթրեսի գործոնները»:
Այդ երեւույթի նախադեպեր են եղել նաեւ Միջնադարում: Մասնավորապես, մ.թ, 1025 թվականից հետո Աֆրիկայից Ասիա ձգվող ընդարձակ տարածքում 60 տարի շարունակ ամռանն անընդհատ երաշտներ էին լինում, իսկ ձմռանը` ծայրաստիճան ցածր ջերմաստիճան: Արդյունքում Բյուզանդիան եւ Ղազնեւիների պետությունը կորցրեցին իրենց հզորությունը, ֆաթիմիդ խալիֆների արքայատոհմը վերացավ, իսկ Հյուսիսային Աֆրիկան ամայացավ, ինչը «Օսմանյան կայսրության առաջացման հիմնաքարը դարձավ»:
«Եթե վերացարկվենք պատմական օրինակներից, ՆԱՍԱ-ի հայտնած լուրը պիտի շատ անհանգստացնի Եվրոպային,-գրում է Յարոնը. այն ցույց է տալիս, որ փախստականների ալիքը, որը սպառնում է Հին Աշխարհին, ոչ միայն տեղային, քաղաքական, այլեւ գլոբալ կլիմայական պատճառներ ունի: Ավելին, մոտ ապագայում կլիմայի հետ կապված իրավիճակը կվատանա, որովհետեւ մերձավորարեւելյան տարածաշրջանում գործնականում 90 տոկոսով նվազել է հորդառատ անձրեւների քանակը»: Նշանակում է` «ներկայիս փախստականները, որոնք Եվրոպա են մեկնում, ընդամենը առաջին ալիքն են: Եթե աղքատությունը, պատմական հակամարտությունները եւ կլիմայական փոփոխությունները Մերձավոր Արեւելքի տարածքի զգալի մասը կյանքի համար ոչ պիտանի դարձնեն, նրանց հետեւից Եվրոպա կուղղվեն միլիոնավոր այլ մարդիկ»:





























