Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Օնտարիո լիճը վերանվանելու որոշմանը՝ կանադական ափին տեղադրելով մեծ ցուցանակ՝ «Օնտարիո լիճ։ Այժմ և միշտ» գրությամբ, հայտնում է BBC News-ը։

Հինգշաբթի Թրամփը ստորագրել է հրամանագիր Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին։ Դրանից հետո ամերիկացի նախագահը սոցիալական ցանցերում հրապարակել է արհեստական բանականության օգնությամբ ստեղծված մի քանի տեսանյութեր՝ նվիրված լճի վերանվանմանը։

«Նախագահ Թրամփից շատ առաջ այս լիճը կոչվում էր Օնտարիո լիճ։ Եվ նախագահ Թրամփից շատ հետո էլ այն շարունակելու է կոչվել Օնտարիո լիճ», — հայտարարել է Ֆորդը։

Ափին տեղադրված ցուցանակի առջև ելույթ ունենալով՝ Օնտարիոյի վարչապետը հավելել է. «Եթե նախագահ Թրամփը կամ ուրիշ որևէ մեկը մոռանա, մենք տեղադրել ենք այս ցուցանակը, որպեսզի հիշեցնենք՝ սա Օնտարիո լիճն է՝ այժմ և միշտ»։

Ֆորդը հայտարարել է, որ Թրամփի որոշումը կապված է նրա դժգոհության հետ Կանադայից և Օնտարիո նահանգից, որոնք «պաշտպանում են իրենց շահերը»։

Հերթական փոխադարձ հայտարարությունները հնչել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Առևտրային բանակցությունների տապալումից հետո ԱՄՆ-ն կանադական շուրջ 20 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ սահմանել է նոր՝ 50-տոկոսանոց մաքսատուրքեր։ Կանադան մտադիր է հաջորդ ամսից նույն ծավալով պատասխան մաքսատուրքեր սահմանել։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ևս ավելի վաղ մերժել էր լճի վերանվանման գաղափարը՝ հայտարարելով. «Իրերը պետք է կոչվեն իրենց անուններով, և այս լիճը կոչվում է Օնտարիո լիճ — այսօր և ընդմիշտ»։

Միևնույն ժամանակ, Թրամփի հրամանագիրը Կանադային կամ այլ երկրներին չի պարտավորեցնում օգտագործել նոր անվանումը։ ԱՄՆ իշխանությունները լայն լիազորություններ ունեն Միացյալ Նահանգների ներսում պաշտոնական աշխարհագրական անվանումների հարցում, սակայն Օնտարիո լիճը գտնվում է երկու երկրների սահմանին։

Շաբաթ օրը Թրամփը հրապարակել է ԱԲ-ի օգնությամբ ստեղծված մի քանի տեսանյութեր։ Դրանցից մեկում ԱՄՆ նախագահը գցում է Lake Ontario անվանումով ցուցանակը և այն փոխարինում «Welcome to Lake America» ցուցանակով։ Մյուսում պատկերված է կանադական սագերի երամ, որոնք ունեն Թրամփի սանրվածքին նման սանրվածք և հրացաններով պարեկում են իբր վերանվանված լճի ափը։

Օնտարիո լճի անվանումը բնիկ ծագում ունի։ Այն, ինչպես նաև Հյուրոն, Միչիգան և Էրի լճերի անվանումները, ծագում են Հյուսիսային Ամերիկայի բնիկ ժողովուրդների լեզուներից։ Օնտարիո լիճը Մեծ լճերից ամենափոքրն է և գտնվում է Կանադայի Օնտարիո նահանգի և ամերիկյան Նյու Յորք նահանգի միջև։

Թրամփի հրամանագիրը նախատեսում է, որ ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը 30 օրվա ընթացքում պետք է թարմացնի անվանումը ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների պաշտոնական բազայում։

Սա Թրամփի վարչակազմի օրոք միջազգային ջրային տարածքի վերանվանման շուրջ առաջին հակամարտությունը չէ։ 2025 թվականին ԱՄՆ նախագահը ստորագրել էր հրամանագիր Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոց վերանվանելու մասին։ Մեքսիկան չի ճանաչել այդ որոշումը՝ հայտարարելով, որ մեկ երկիր չի կարող միակողմանիորեն փոխել այն ջրային տարածքի անվանումը, որից օգտվում են մի քանի պետություններ։

Նմանատիպ իրավիճակ է առաջացել նաև Google Maps-ի դեպքում. ծառայության օգտատերերը ԱՄՆ-ում տեսնում են «Ամերիկայի ծոց» անվանումը, Մեքսիկայում՝ «Մեքսիկական ծոց», իսկ այլ երկրների օգտատերերին ցուցադրվում է կրկնակի անվանումը։