Թուրքիայի հարավ-արեւելքում ուժայինների եւ քրդական աշխարհազորի դիմակայությունը սրվում է, գրում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Politico թերթին:
Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիրի բնակիչները, որոնք լքել են քաղաքը, չէին կարողանում ճանաչել փողոցները, որոնցում մի ժամանակ ապրել էին. նեղ փողոցները բեկորներով են լցված, այրված տներից ծուխ է բարձրանում երկինք:
Եվրոպան գործնականում ուշադրություն չդարձրեց բռնության այդ առկայծումների վրա, նշում է Politico-ն: Բրյուսելը Սիրիայում եւ Իրաքում հակամարտությունների եւ այնտեղից փախչող մարդկանց հետ կապված իր հոգսերն ունի, բայց քաղաքացիական պատերազմը Թուրքիայի որոշ հատվածներ վերածում է Սիրիայի շրջանները հիշեցնող տարածքների: Անկարան խնդիրներ ունի ոչ միայն սիրիացիների, այլեւ իրենց` թուրք փախստականների հետ. Թուրքիայում ԵՄ-ի ներկայացուցիչների գնահատականների համաձայն, օգոստոսից ի վեր ավելի քան 400 հազար մարդ փախել է իր բնակության վայրից:
Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի համաձայն, օգոստոսից ի վեր Թուրքիայի հարավ-արեւելքում առնվազն 250 քաղաքացի է սպանվել: Դիարբեքիրից բացի, տուժել է նաեւ Ջիզրեն. տեղի իշխանությունների գնահատականով, քաղաքը լքել է նրա բնակիչներից 100- 120 հազար մարդ:
Եվրամիությունն Անկարային չի քննադատում ՔԲԿ-ի դեմ ռազմական գործողությունների համար, որին Բրյուսելը եւս ահաբեկչական կազմակերպություն է համարում, չնայած եվրոպական շատ երկրներ աջակցում են քրդական կուսակցության ռազմական թեւին. ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն առաջավոր գծում կռվում են ԻՊ-ի դեմ, նշում է պարբերականը:
Շատերն արդեն փորձել են փախչել, հավելում է պարբերականը: Անցյալ ամիս Թուրքիայի առափնյա պահպանությունը Թուրքիայի 12 քրդի է հայտնաբերել աֆղանների եւ սիրիացիների խմբում, որը փորձում էր Հունաստան հասնել: Տեղի ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, նրանք իշխանություններին պատմել են, որ փախել են հարավ-արեւելքում ահաբեկչությունից:
Ռազմական գործողությունները սրվում են, տեղափոխված անձանց թիվն աճում է, եզրակացնում է թերթը: Երբ մարտի սկզբին Թուրքիայի կառավարությունը հայտարարեց Շիրնակի շրջափակման սկզբի մասին, քաղաքի 63 հազար բնակչից մոտավորապես 50 հազարը հեռացավ:





























