Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ)    պատվիրակությանը` ասամբլեայի նախագահ, Իլ դե Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Միշել Սաբբանի գլխավորությամբ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում էին Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գլխավոր քարտուղար Կլաուս Կլիպը եւ ԵԽ ԽՎ անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի  հայ –ֆրանսիական բարեկամական խմբի փոխնախագահ Ռենե Ռոուքեն:

Եվրոպական տարածաշրջանների ասամբլեային անդամակցում են եվրոպական 33 երկրների 270 շրջաններ /կամ մարզեր/ եւ 16 միջռեգիոնալ կազմակերպություններ: Ասամբլեայի նախագահ Միշել Սաբբանը նշել է, որ շրջանների միջեւ  փորձի,  կարծիքների փոխանակումը նպաստում են  ժողովուրդների փոխըմբռմանը եւ մերձեցմանը: Նա հույս է հայտնել, որ արդեն այս տարվա նոյեմբերին` Ստամբուլում կայանալիք վեհաժողովի ժամանակ  Հայաստանի համայնքները ես կանդամակցեն իրենց կազմակերպությանը: 

Հովիկ Աբրահամյանը կարեւորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու տարածաշրջանների համագործակցության գաղափարը եւ  բարձր գնահատել Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի գործունեությունը ու Հայաստանի համայնքների անդամակցությունը  այդ կազմակերպությանը, ինչը կնպաստի ՏԻՄ-երի կառույցի ամրապնդմանը, միջհամայնքային եւ միջշրջանային համագործակցությանն ու առկա խնդիրների համատեղ լուծմանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւոր է համարել ՏԻՄ-երին լայն լիազորություններով օժտելը եւ համայնքների ուժեղացումը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջարկել է ԵՏԱ-ի շրջանակներում Հայաստանում անցկացնել կովկասյան տարածաշրջանի երկրների համայնքների կոնֆերանս: