Youtube-ում հայտնված աղմկահարույց տեսանյութի կապակցությամբ, որտեղ  մինչեւ գոտկատեղը մերկ սպան նվաստացնում ու բռնություն էր կիրառում զինվորների նկատմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել:

«Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ինտերնետում տեղադրված ժամկետային զինծառայողներին ծեծի ենթարկելու եւ խոշտանգելու տեսանյութում պատկերվածը տեղի է ունեցել ս.թ. հուլիսին N զորամասի տարածքում:

Նույն զորամասի զինծառայող, մայոր Սասուն Միքայելի Գալստյանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծի եւ ծաղրուծանակի է ենթարկել զորամասի ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գարիկ Նորայրի Հարությունյանին եւ շարքային Բակուր Ռոբերտի Եղիկյանին:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով (պաշտոնազանցություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Գարիկ Նորայրի Հարությունյանը եւ Բակուր Ռոբերտի Եղիկյանը քրեական գործով ճանաչվել են որպես տուժողներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Սասուն Միքայելի Գալստյանին սեպտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 375 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առգրավվել է բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները: Կատարվում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հոր եւ եղբոր հարցաքննությունները: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ տեսանյութի «հերոսը» «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալն է: Մամուլում նշվում է նաեւ, նման արարքի համար «պաշտոնազանցություն» հոդվածը այնքան էլ տեղին չէ, քանի որ խոսքը մարդու նկատմամբ կիրառված բռնության մասին է: