Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նյույորքյան այցելության երկրորդ օրը հագեցած է եղել երկկողմ հանդիպումներով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի ԱԳ նախարարի առաջին հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի հետ էր: Զրույցի ընթացքում նրանք քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարները քննարկել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի այլ հարցերի շուրջ:
Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպել է Թունիսի արտգործնախարար Քամել Մորջանեի հետ, որի ընթացքում Նալբանդյանը նշել է, որ որ երկկողմ համագործակցության ընդլայնման համար կարեւոր դեր կարող է խաղալ վերջերս Հայաստանի ազգային ավիափոխադրողի կողմից Երեւանի եւ Թունիսի միջեւ իրականացվող ուղիղ չվերթները:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կոսովոյի արտաքին գերատեսչության ղեկավար Սքենդեր Հուսեյնիին` վերջինիս խնդրանքով: Է. Նալբանդյանը նշել է, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար: Նրա խոսքով այս տարվա հուլիսին Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհդատվական կարծիքի հրապարակումով վերահաստատվեց այն իրողությունը, որ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքոնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որեւէ այլ սկզբունքի:
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ Էստոնիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Կիպրոսի, Սինգապուրի եւ Հունգարիայի ԱԳ նախարարների հետ: Էդվարդ Նալբանդյանը Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին հրավիրել է այցելել Հայաստան, իսկ Սինգապուրի ԱԳ նախարար Ջորջ Յուոն էլ Էդվարդ Նալբանդյանին է հրավիրել այցելել Սինգապուր:




























