«Քվեարկում ենք դուրս գալու օգտին» խումբը, որը քարոզում է Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին, 250 խոշոր գործարարի ցուցակ է հրապարակել, որոնք աջակցում են այդ որոշմանը:

Մասնավորապես, ցուցակում են HSBC բանկի նախկին ղեկավար Մայքլ Գեոգեհանը եւ հյուրանոցային ցանցի սեփականատեր Ռոկկո Ֆորտեն, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

Գործարարներից մեկը` JD Wetherspoons փաբերի եւ ռեստորանների ցանցի ղեկավար Թիմ Մարտինը, ասել է, որ ԵՄ-ն նպաստում է այնպիսի մարդկանց իշխանության գալուն, որոնց ոչ ոք երբեք չի ընտրել: 

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքի վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա այս տարվա հունիսի  23-ին:

Վարչապետ Դեւիդ Քեմերոնն արդեն հայտնել է, որ այն որոշումը, որն այդ օրը կկայացնեն բրիտանացիները, վերջնական կլինի, եւ երբեք կրկնակի հանրահավաքներ չեն անցկացվի: