Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին գնդակոծումն ու միջադեպերը կանխելու համար անհրաժեշտ է ԵԱՀԿ հովանավորության ներքո դիտորդների մշտական խումբ ստեղծել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմից արձակած կրակոցներին՝ քաղաքագետը նշեց, որ նման միջադեպերը մշտապես շարունակվելու են, քանի դեռ դրանց կանխման մեխանիզմներ չեն մշակվել: «Իսկ հնարավոր մեխանիզմները երկուսն են. առաջինը հիմա սկզբունքորեն իրատեսական է: Դա ԵԱՀԿ հովանավորության ներքո դիտորդների մշտական խումբ ստեղծելն է: Երկրորդ մեխանիզմը, որն ավելի լուրջ եւ մեծ աշխատանք է պահանջում, տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելն է»,- ընդգծել է Սկակովը:
Եթե այդ մեխանիզմներն աշխատեն, սկզբում՝ մեկը, հետո՝ մյուսը, հնարավոր է այլեւս նման միջադեպեր չլինեն: «Եթե լինեն դիտորդներ, ակնհայտ կդառնա, թե ով սկսեց կրակել, անհնարին կդառնա սիմուլյացիան եւ անմեղներին մեղադրելը, եւ արդեն պատասխանատվություն կպահանջենք միջազգային հանրությունից, որպեսզի նա, ով սկսում է կրակել, դադարի դա անել: Այդ ժամանակ արդեն խաղաղապահներ կմտցնեն, իսկ կրակահերթի դեպքում ռազմական բնույթի այլ միջոցներ կկիրառվեն»,- հավելել է Ալեքսանդր Սկակովը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը մշտապես մերժում է շփման գծում միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծելու կոչերը: