2015 թվականին գինիների համաշխարհային արտադրության ոլորտում Ֆրանսիան առաջատարի դերը զիջել է Իտալիային: Այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien պարբերականը՝ վկայակոչելով Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպությանը: Անհանգստացնում է այն, որ 2007 թվականից ի վեր ֆրանսիական գինիների արտահանման ոլորտում գործերը շարունակ ավելի վատ են ընթացքում, քան իտալական եւ իսպանական գինիների պարագայում:
Բայց չնայած Ֆրանսիան ավելի քիչ գինի է արտահանում, սակայն ավելի շատ է վաստակում. տարեկան կտրվածքով՝ 6.8%-ով ավելի: Ֆրանսիայի գինի եւ ալկոհոլ արտահանողների ֆեդերացիայի ներկայացուցիչ Նիկոլա Օզանի հավաստմամբ, ֆրանսիական արտահանվող գինիների շուրջ 80%-ը վաճառվում է մեկ լիտրը 5 եւ ավելի եվրոյով:
Միաժամանակ, International Team Consulting-ի համաձայն, իտալացիներն ու իսպանացիները գինի են արտահանում, համապատասխանաբար, միջինը 2.50 եւ 1.16 եվրո արժողությամբ:
Աշխարհում աճում է այն երկրների թիվը, որոնք ցանկանում են որակյալ եւ ոչ թանկ գինի խմել: Եվրոպայում գինու սպառումը տասնամյակներ շարունակ անկում է ապրում: 1960 թվականին Ֆրանսիայում մեկ մարդուն բաժին ընկնող տարեկան սպառումը գերազանցում էր 100 լիտրը, իսկ 2015 թվականին կազմել է շուրջ 42 լիտր: Սակայն Եվրոպայի սահմաններից դուրս այն աճում է: 2000 թվականին համաշխարհային սպառումն աճել է 6%-ով: Արտահանման ապահովագրության ֆրանսիական գործակալության՝ Coface-ի կանխատեսումներով, 2027 թվականին Չինաստանը կդառնա գինու խոշորագույն սպառողն աշխարհում: Այստեղից էլ ավելի շատ արտադրելու ցանկություն է առաջանում, այդ թվում՝ օտարերկրյա արտադրողների մոտ:
Ի դեպ, վերջինների ազդեցության աճի մասին է վկայում այն փաստը, որ «Tour de France» հեծանվարշավի հովանավոր է դարձել Չիլիից գինի արտադրող ընկերություններից մեկը: Պարբերականի հավաստմամբ, ֆրանսիացի բազմաթիվ գինեգործներ սա անձնական վիրավորանք են համարում:





























