ՌԴ կառավարությունը Պետդումա օրենքի նախագիծ է մտցրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի եւ դրա արձանագրությունների վավերացման մասին:  Համապատասխան փաստաթուղթը մշակվել է ՌԴ ԱԳՆ-ի եւ ՌԴ Էկոնոմիկայի նախարարության կողմից, ասված է նախարարների խորհրդի պարզաբանող գրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Համաձայնագիրն ամրապնդում է մասնակիցների փոխադարձ պարտավորությունները շուկա ապրանքների մուտքի պարզեցման առումով: Արձանագրությամբ հստակեցվում է Ռուսաստանի եւ Վիետնամի պարտավորությունների թվարկումը ծառայությունների առեւետրի, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց տեղաշարժի առումով: Եվս մի արձանագրությամբ կարգավորվում են Ռուսաստանի եւ Վիետնամի փոխհարաբերությունները` ԱՀԿ-ում նրանց պարտավորությունները հաշվի առնելով:

«Համաձայնագրի իրացումը կնպաստի նրա մասնակիցների միջեւ փոխադարձ ապրանքաշրջանառության աճին եւ առեւտրա-տնտեսական կապերի ամրապնդմանը, պայմաններ կստեղծի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին Եվրասիական տնտեսական միության մասնակցության համար», - ասված է ուղեկցող փաստաթղթերում:

Համաձայնագիրը 2015-ի մայիսի 29-ին ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի եւ Վիետնամի վարչապետների կողմից Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում: 

«Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի համաձայն, համաձայնագիրը եւ նրան կից արձանագրությունները վավերացման են ենթակա, որովհետեւ պարունակում են ռուսաստանյան օրենսդրությունից տարբերվող կանոններ: