Նավթի գների կտրուկ անկման ու Ադրբեջանի վրա բյուջետային ճնշման ժամանակաշրջանում վերջին բանը, որը պետք է հետաքրքի Բաքվին Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծումն է։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրոխորհրդարանի պատգամավոր, Եվրոխորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովի անդամ Չառլզ Թաննոկը։

 Նա ողբերգական է անվանել 12-ամյա տղայի մահը Լեռնային Ղարաբաղում։ Եվրոպատգամավորը ցավակցել է զոհված տղայի ընտանիքին։ « Ես ցավում եմ, որ մարտական գործողություններ են սկսվել Լեռնային Ղարաբաղում, որտեղ վերջին վեց ամիսներին իրավիճակն աստիճանաբար վատանում էր։ Սակայն լարվածությունը ողբերգական ձեւով սրվել է հատկապես վերջին մի քանի օրերին։ Ադրբեջանը ոչ միայն դիպուկահարների է օգտագործել, այլեւ զրահամեքենաներ, հրետանի ու օդուժ կիրառել։ Ես բոլոր կողմերին կոչ եմ անում հարգել Մինսկյան գործընթացը, անհապաղ դադարեցնել հետագա սրումը ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ»,- շեշտել է Չառլզ Թաննոկը։

 Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել հարավ-արեւելյան ու հյուսիս-արեւելյան ուղղություններով։ Ի թիվս այլ զինատեսակների՝ կիրառվել են նաեւ հրետանի, զրահատեխնիա ու օդուժ։ Զոհվել է 12-ամյա երեխա, երկուսն էլ վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը ոչնչացրել են հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 3 զրահամեքենա ու 2 անօդաչու սարք։